Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստով:
Ռուսաստանից բացի, Հայաստանն աշխարհում միակն է, որ ունի «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիր` տվյալ տեսակի մեջ աշխարհում լավագույնը իր բնութագրերով, հատկապես թշնամու կողմից անխոցելի լինելով ու թիրախին խոցելու ճշգրտությամբ, այսինքն` երաշխավորված, ճշգրիտ ու հզոր հարվածի կարողությամբ: Սակայն այդ ահեղ զենքը պատերազմի ընթացքում այդպես էլ ուղղակիորեն կամ Արցախի ՊԲ-ին տրամադրելու միջոցով չի օգտագործվել Ադրբեջանի Լոքբաթանի և Քյուրդամիրի ավիաբազաները, «Արազ» ռազմարդյունաբերական համալիրը, որպես ռազմական տեխնիկայի վերանորոգման կետ օգտագործվող Բայլական (Բեյլագան) քաղաքի զորամասերից մեկը, տանկերի, այլ զրահատեխնիկայի, հրետանային միջոցների վերանորոգման խոշոր բազան (տեղակայված Բաքվի հարավ-արևելքում, Ղարադաղի շրջանում), ինչպես նաև ռազմավարական նշանակության բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ, օբյեկտներ շարքից հանելու համար:
Թե իրենցից ինչ են ներկայացնում Լոքբաթանի և Քյուրդամիրի ավիաբազաները, համառոտ տեղեկացրել է հայկական ռազմական պորտալը` Razm.info-ն: Վերջինս նշելով, որ որոշ հանգամանքներ կարող են ավիաբազան թերագնահատելու պատճառ դառնալ, հավելել է. «սակայն իրականում Լոքբաթանն ադրբեջանական ԱԹՍ-ների բազա է, որոնք կայանվում են նորակառույց երկու անգարներում։ Մասնավորապես այստեղ են տեղակայված Heron ԱԹՍ-ները, ինչպես նաև դրանց կառավարման հանգույցները»։
Ինչ վերաբերում է «Իսկանդերը» չօգտագործելուն և Քյուրդամիրի ավիաբազան նույնպես շարքից չհանելուն, ապա այդ կապակցությամբ Razm.info-ն գրել է.
«Ավիաբազան գտնվում է Ադրբեջանի գրեթե կենտրոնում, Քյուրդամիր քաղաքից մոտ 5 կմ հարավ։ Արցախի նախկին սահմաններից հեռավորությունը կազմում է մոտ 100 կմ։
Պատերազմը սկսելու պահին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում կային 39 միավոր Սու-25 գրոհիչներ։ Այդ ինքնաթիռներից առնվազն 4-ը տեղակայված են Նախիջևանում, իսկ մնացած 35-ի մշտական տեղակայման վայրը Քյուրդամիրի ավիաբազան է։ Սու-25-ներից բացի ավիաբազան զինված է նաև ավելի քան 2 տասնյակ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներով, ինչպես նաև Մի-8/Մի-17 տիպի ուղղաթիռներով։
Բացի այս, Քյուրդամիրը նաև անցումային օդանավակայան է Բաքվի ու Սումգայիթի մերձակայքի Նասոսնիի, Ղալայի ու Սանղաչալի ավիաբազաներից ինքնաթիռների և ուղղաթիռների ռազմաճակատ տեղափոխման համար»։
Գտնվելով Արցախի նախկին սահմաններից ընդամենը մոտ 100 կմ հեռավորության վրա, Քյուրդամիրի ավիաբազան, ինչպես Եվլախի ռազմական օդանավակայանը, փաստորեն խոցելի է եղել ոչ միայն «Իսկանդեր»-ի, այլև հայկական կողմի ունեցած ու թիրախներին բավարար ճշտությամբ հարվածելու ունակ «Точка-У»-ի կողմից, սակայն այդ մարտավարական հրթիռային համալիրը նույնպես չի օգտագործվել նշված թիրախները շարքից հանելու նպատակով:
Վերոնշյալ փաստերը հերթական ապացույցներն են այն իրողության, որ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Տոնոյանը, թերևս նաև այլ պաշտոնյաներ Արցախի հարցում Հայաստանի Հանրապետության պաշտոնական կարգավիճակն ու դերակատարումը` «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է», ըստ էության, վերածել են ձևականության, ձևական կարգախոսի:
Այսինքն` Փաշինյանի ու Տոնոյանի դիտավորությամբ ու մեղքով ՀՀ-ն Արցախի հանդեպ անվտանգության երաշխավորի իր պարտականությունը չի կատարել այն չափով, որը թույլ կտար ապահովել Արցախի անվտանգությունը և նույնիսկ խայտառակ պարտության փոխարեն հաղթանակ ապահովել, առնվազն` Ադրբեջանին ստիպել պատերազմն ավարտել կարճ ժամկետում ու զինադադարի պայմանագիր կնքել։ Դա թույլ կտար խուսափել մարդկային, ռազմատեխնիկական, նյութական, տնտեսական այն ահռելի կորուստներից, որ ունեցանք շուրջ մեկուկես ամիս տևած պատերազմի ընթացքում, ինչպես նաև այն քաղաքական, բարոյահոգեբանական և այլաբնույթ ծանրագույն վնասներից, որ ունենք և առաջիկայում դեռ ունենալու ենք:
Մեր ունեցած «Իսկանդեր» հրթիռային համալիրները գործի չդնելու, այդ և այլ հրթիռային համալիրներով Razm.info-ի նշած ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները, օբյեկտները շարքից չհանելու նպատակը եղել է պատերազմը հայկական կողմի համար խայտառակ և ահավոր հետևանքներ ունեցող պարտությամբ ավարտելը (ինչն արդեն իրականություն է հայտնի պայմանավորվածություններն արտահայտող կապիտուլյացիոն հայտարարությամբ), նշված պարտությամբ տարածաշրջանում և աշխարհում Ադրբեջանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական և այլ շահերի սպասարկումը:
Ավելին, միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանի և այլոց կողմից եղել է նույնիսկ ոչ թե Արցախի տարածքի գերակշիռ մասը, այլև ողջ Արցախի Հանրապետությունը ձևականորեն, կիսատ-պռատ վարվող, այսինքն` «բեմականացված» ու պարտվողական պատերազմի արդյունքում Ադրբեջանին հանձնելու ծրագիր` աշխարհաքաղաքական հեռու գնացող ու շատ նենգ նպատակներով, որի իրագործումը կանխվել է Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով: Նախաքննության մարմինը պարտավոր է պարզել հիշյալ ծրագրի առկայության հարցը:
Անշուշտ, այնպես չէ, որ ՀՀ զինված ուժերն ընդհանրապես չեն օգնել Արցախին, այնպես չէ, որ ՀՀ-ն ընդհանրապես չի կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականությունը, բայց դա Փաշինյանի, Տոնոյանի, թերևս նաև այլ պաշտոնյաների կողմից կատարվել է մասնակիորեն ու դրանով իսկ ձևականորեն, որպեսզի մեր հաղթանակի կամ առնվազն` պատերազմն արագորեն ու հայկական կողմի շահերը չվնասող, չվտանգող զինադադարի պայմանագրով ավարտելու փոխարեն, ապահովվեն մեր պարտությունը և կապիտուլյացիոն հայտարարությունից բխող այն բոլոր վնասներն ու վտանգները, որոնք դեռ առջևում են:
Չնայած համապատասխան սպառազինությունն ունենալուն, այն Արցախին չի տրվել և այնտեղից գործի չի դրվել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հենց Արցախում ունենալով համապատասխան կարողությունները, չեն խոցվել Ադրբեջանի տարածքում գտնվող թշնամու ռազմավարական նշանակության թիրախները: ՀՀ և ԱՀ ղեկավարների, պաշտպանության պատասխանատուների կողմից խիստ անհրաժեշտ գործողությունների փոխարեն եղել են Արցախի ՊԲ-ի և Հայաստանի ՊՆ-ի, նրա համապատասխան պաշտոնյաների` հանրությանը մոլորեցնող հայտարարություններ ու սին հոխորտանքներ:
Հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ՊՆ կայքում հրապարակեց Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը, որում, բացի Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ռազմաօդային բազայից, ուղղաթիռային ավիաէսկադրիլիայից, նշված են նաև Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի (ԳՇ) մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ-ն, ներքին զորքերի առանձնահատուկ նշանակության բրիգադը, ՊՆ մարտական կառավարման կենտրոնը, ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակը, ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազան, պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարանը, ավիացիոն վերանորոգման գործարանը և հրետանու սպառազինության վերանորոգման գործարանը:
Ընդգծեմ, որ Գյանջայի լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը հրապարակվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԱՀ պաշտպանության բանակից բացի, նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերին, դրանցում նաև բնակելի շենքերին, հիվանդանոցներին, քաղաքացիական այլ ենթակառուցվածքներին շուրջ 20 օր հրթիռա-հրետանային, ռմբային թիրախավորված, ավերիչ հարվածներից հետո միայն: Մինչդեռ նշված ցանկը պետք է հրապարակվեր, կամ, առանց հրապարակելու, վերոնշյալ նշանակետերին պետք է հարվածներ հասցվեին պատերազմի հենց առաջին օրվանից` չանտեսելով նաև 2020 թ. հունիսին ՀՀ անվտանգության խորհրդում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի առաջարկությունը, որ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, «մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից»:
ԱՀ ՊՆ-ի կողմից վերոնշյալ ցանկի հրապարակումը, սակայն, եղավ ինքնանպատակ, Ադրբեջանին ուղղված սին սպառնալիք, թե տեսեք, ահա, ձեր այն օբյեկտները, որոնց հարվածելու իրավունք մենք մեզ վերապահում ենք: Նույնիսկ այդ ցանկի հրապարակումից հետո էլ դրանում նշված թիրախները շարքից չհանվեցին, ինչը փաստվում է նաև նրանով, որ տվյալ ցանկի հրապարակումից մոտ 2 շաբաթ հետո, հոկտեմբերի 29-ին Պաշտպանության բանակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած մեկ այլ, ընդլայնված ցանկում նույնությամբ կրկնեց Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը:
Երկրորդ ցանկում Գյանջայի հիշյալ թիրախներին հավելեցին նաև Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը` 1-ին ԲԿ շտաբ, վերանորոգման գումարտակ, կապի առանձին գումարտակ, զենիթահրթիռային դիվիզիոն, տանկային բրիգադ, հակատանկային դիվիզիոն: Սակայն մինչև պատերազմի ավարտ, հետագա շուրջ 10 օրվա ընթացքում Ադրբեջանի տարածքում գտնվող վերոնշյալ թիրախներից որևէ մեկը շարքից չի հանվել, քանի որ այդ մասին ոչ միայն ադրբեջանական, այլև թշնամուն հասցված հարվածներն ուռճացված ներկայացնելու քաղաքականություն վարող հայկական կողմը որևէ տեղեկություն չի հրապարակել:
Վերոնշյալ թիրախները շարքից չեն հանվել կամ այն պատճառով, որ Հայաստանն Արցախին չի տրամադրել համապատասխան հրթիռային համալիրները, կամ էլ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի ղեկավարությանն արգելվել է Արցախի ՊԲ ունեցած միջոցներով հիշյալ թիրախներին հարվածելը: Հավելեմ, որ ՀՀ զինված ուժերն «Իսկանդերն» օգտագործելով, իրենք էլ կարող էին հարվածել վերոնշյալ թիրախներին, շարքից հանել դրանք, սակայն դա չեն արել, չնայած այն իրողությանը, որ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 14-ին արդեն իսկ թիրախավորել էր ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածելու Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
Ավելին. ՀՀ ԶՈՒ-ն Ադրբեջանի վերոնշյալ թիրախները շարքից չի հանել չնայած նույն օրը ՀՀ ՊՆ այն պաշտոնական հայտարարության, որ «այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորելու Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ»։
Պատերազմը հաղթանակով ավարտելու, թշնամուն առնվազն զսպելու, ավելին` պարտությունից, խայտառակ և ահավոր հետևանքներով կապիտուլյացիայից խուսափելու համար խիստ անհրաժեշտ ու հնարավոր վերոնշյալ ռազմական գործողությունները չկատարելու համար, ուշ թե շուտ, պետք է պատասխան տալ:
ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ